ԵԽԽՎ-ն կոչ է արել Բաքվին ազատել Արցախի ղեկավարությանը
29/1/2025 15:27
Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ընդունվել է բանաձեւ, որով մտահոգիչ է համարվել մի շարք երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում եւ Վրաստանում ժողովրդավարական հետընթացը եւ մարդու իրավունքների խախտումները:
Վեհաժողովը «լուրջ մտահոգված է Ադրբեջանում ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների հետագա վատթարացմամբ, մասնավորապես՝ շարունակվող բռնաճնշումները քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստների, լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ իշխանության այլ քննադատների նկատմամբ»։
Բանաձեւը կոչ է անում իշխանություններին դադարեցնել հետապնդումները եւ անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր կալանավորված են քաղաքական դրդապատճառներով։
ԵԽԽՎ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին կառուցողական երկխոսություն սկսել Եվրոպայի խորհրդի մարմինների հետ բոլոր չլուծված հարցերի շուրջ։
Նշվել է նաեւ, որ ԵԽԽՎ-ն շարունակում է վերահսկել իրավիճակը Արցախի ղեկավարության եւ այլ ռազմագերիների հարցում՝ Ադրբեջանին կոչ անելով ազատ արձակել այդ մարդկանց։