Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելը կնշանակի ԵԱՏՄ-ից դուրս գալ

29/1/2025 16:13

ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու երկրի նախաձեռնությունը չի քննարկվի Ալմաթիում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում,- «РИА Новости»-ի հաղորդմամբ՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է հայտնել: Հարցին, թե կքննարկվի ԵՄ-ին ինտեգրվելու Հայաստանի ցանկությունը, Օվերչուկն ասել է, որ օրակարգն արդեն հաստատված է, եւ «այդ հարցերն այստեղ չեն բարձրացվի»։ Նա ավելացրել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում ակտիվ դերակատարում ունի եւ իրեն կառուցողական է պահում։ «Ինչպես բազմիցս ասել եմ, Հայաստանը ԵԱՏՄ հիմնական շահառուն է։ Անցած տարվա ընթացքում առեւտուրը կազմել է 12 մլրդ դոլար, ինչը մի քանի անգամ գերազանցում է ԵՄ-ի հետ Հայաստանի առեւտրի ծավալը։ Միաժամանակ աճում է առեւտուրը ԵԱՏՄ երկրների հետ, ԵՄ-ի հետ՝ նվազում, ինչն ավելի լավ է բնութագրում տնտեսության իրական վիճակը»,- ​​ասել է ՌԴ փոխվարչապետը։ Միաժամանակ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության սկիզբը կնշանակի ԵԱՏՄ-ից նրա դուրս գալու սկիզբ։ «Այստեղ լուծումն ակնհայտ է. Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի շուկաների փակում Եվրասիական տնտեսական միության հետ։ Հակառակ դեպքում կտուժեն Եվրասիական տնտեսական միության մեր արտադրողները... Սա ակնհայտ է, ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումը մեխանիկորեն կնշանակի վերադարձ մաքսայինին եւ մաքսային սակագնին ԵԱՏՄ-ի հետ... Այստեղ ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա»,- նշել է Օվերչուկը։