ՌԴ-ն ունի քարտեզագրական նյութեր, որոնք կարող են տրամադրվել

29/1/2025 18:57

Հայաստանն ու Ադրբեջանն առաջընթաց են գրանցել սահմանազատման և սահմանագծման հարցում, ինչը նպաստում է կայունությանը,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Հարցին, թե իր հայ և ադրբեջանցի գործընկերներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հետ համանախագահած եռակողմ աշխատանքային խումբը շարունակում է աշխատել, Օվերչուկը նշել է, որ «ֆորմալ առումով ոչ ոք աշխատանքը չի դադարեցրել»։ «Մենք պարբերաբար շփվում ենք այդ թեմայով (Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային կարգավորումը), բայց ոչ եռակողմ ձևաչափով, այլ, ինչպես ասում են՝ դեմ առ դեմ: Իմ գործընկերները պարբերաբար հանդիպում են սահմանների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի շրջանակում։ Այնտեղ շատ մեծ և լավ առաջընթաց է գրանցվել»,- ասել է ՌԴ փոխվարչապետը: Ինչպես ընդգծել է Օվերչուկը, սահմանի մի մասն արդեն սահմանազատվել և սահմանագծվել է, իսկ հիմա կողմերը պայմանավորվել են այս հարցով շարժվել հյուսիսից՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հանգույցից, դեպի հարավ: «Մենք միշտ ողջունել ենք նման շփումը և նման համատեղ աշխատանքը, քանի որ դա, անկասկած, կնպաստի տարածաշրջանի կայունությանը, և մենք միշտ առաջարկել ենք աջակցել այս գործընթացին»,- ասել է Օվերչուկը: Նրա խոսքով՝ «ՌԴ-ն ունի համապատասխան քարտեզագրական նյութեր, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել սահմանազատմանը և սահմանագծմանը ներգրավված կողմերի խնդրանքով»: