2 տարով երկարաձգվել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը

30/1/2025 20:38

Եվրամիության խորհուրդը մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը երկարաձգել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը։ Այս մասին գրառում է արվել Եվրամիության խորհրդի X-ի միկրոբլոգում։ Նշվում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը նպաստելու, գետնի վրա վստահություն ձևավորելու առանցքային գործիք է: Հունվարի 29-ին Բրյուսելում ԵՄ անդամ երկրների դեսպանները հավանություն էին տվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ժամկետը ևս երկու տարով երկարաձգելու որոշմանը։ ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում տեղակայվել էր 2023 թվականին։ Առաքելությունը մշտադիտարկում և զեկուցում է տեղում անվտանգության իրավիճակի վերաբերյալ, նպատակն է նպաստել մարդկանց անվտանգությանը Հայաստանի՝ հակամարտությունից տուժած շրջաններում և տեղում վստահության մթնոլորտի ստեղծմանը։