Անթույլատրելի է կնոջ նկատմամբ բռնությունը և բռնության քարոզ պարունակող նյութերը

1/2/2025 10:22

Սոցիալական ցանցերում լայն տարածում է գտել զինծառայողի համազգեստով անձանց և կնոջ նկատմամբ բռնության տեսարան պատկերող տեսանյութ, որն առիթ է դարձել տարբեր սոցիալական հարթակներում զինված ուժերին և զինծառայողներին թիրախավորելու, զինված ուժերում մարդու իրավունքները խախտող և զինծառայողների արժանապատվությունը նվաստացնող, կնոջ նկատմամբ բռնությունն արդարացնող տարատեսակ մեկնաբանություններ տարածելու համար։ Այս մասին հայտարարություն են տարածել ՄԻՊ-ից։ Մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց նման տեսանյութի տարածումը խիստ անթույլատրելի է։ Զինված ուժերում մարդու իրավունքների արժևորման ու պատշաճ երաշխավորման գաղափարն ու ընկալումները ձևախեղող ցանկացած վարքագիծ պետք է բացառվի։ Ավելին, պետք է նկատի ունենալ, որ զինծառայողների անձնուրացությունը, հոգատար ծառայությունն արժանի են բարձր գնահատանքի: Միաժամանակ, Պաշտպանն անթույլատրելի է համարում կնոջ նկատմամբ բռնությունը և բռնության քարոզ պարունակող ցանկացած նյութի պատրաստումն ու տարածումը։ Կանանց իրավունքների պաշտպանությունը, կնոջ նկատմամբ ցանկացած տեսակի բռնության կանխումը, դրա դեմ պայքարը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություներից են։ Պաշտպանը հորդորում է զերծ մնալ նման նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից: