Լավ կլինի, որ համապատասխան ձևով հանրային դիմադրությունը շարունակվի

2/2/2025 13:24

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգ երգող անձանց տեսանյութը տարածած արցախցի Ղարիբ Բաբայանի երեկվա ձերբակալությանն ու այնուհետև դատարանի շենքից ազատ արձակմանը՝ նկատելով, որ տվյալ հանգուցալուծումը միայն հանրային հստակ արձագանքի հետևանք էր: Նա կոչ է արել համապատասխան ձևով հանրային դիմադրությունը շարունակել: Ստորև ներկայացնում ենք փաստաբանի ամբողջական գրառումը. «Ես շատ բան եմ տեսել։ Ես տեսել եմ տասնյակ դեպքեր, երբ նույնքան անհեթեթ իրավիճակներում դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և կալանավորել է մարդկանց՝ քաղաքական պատվերի շրջանակներում։ Ուստի այսօրվա հանգուցալուծումը միայն ու միայն հանրային հստակ արձագանքի հետևանք է - հենց այս գործոնն էր, որ ունեցավ վճռական նշանակություն։ Ընդ որում, գոհունակությամբ փաստում եմ, որ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» ունեցավ որոշակի դերակատարություն՝ տվյալ գործի որոշ կարևոր հանգամանքներ հանրությանը ճիշտ ժամանակին հասու դարձնելու հարցում։ Պետք է նկատել նաև, որ վերջին 3-4 օրում ռեժիմը ստիպված է եղել հետքայլեր կատարել 3 կարևոր հարցերում - տրանսպորտի գին, համընդհանուր հայտարարագրում, և Ղարիբ Բաբայան։ Լավ օրի՞ց են հետքայլ կատարում։ Իհարկե ոչ։ Ամբողջակա՞ն է հետքայլը։ Կրկին՝ ոչ։ Այդ 3 հարցերից ոչ մեկով էլ ամբողջական չէ. կիսատ-պռատ է. Հետևաբար, լավ կլինի, որ համապատասխան ձևով հանրային դիմադրությունը շարունակվի»։ Հիշեցնենք, որ դատարնը մերժել է Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգ երգող անձանց տեսանյութը տարածած արցախցի Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը, նա ազատ է արձակվել: Փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ նրա դեմ ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։ Արցախցի Ղարիբ Բաբայանը ձերբակալվել էր Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգն ադրբեջաներեն երգող օտարերկրացիների տեսանյութը տարածելու համար։ Հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածված տեսանյութը բուռն քննարկումների առիթ էր դարձել: ԱԱԾ-ն պարզաբանել էր, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են: