Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում
2/2/2025 13:28
Հունվարի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Տարտուի փողոցի 1-ին շենքի բակում կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր և պարզել, որ այդ օրը նշված վայրից «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Արմեն Ա.-ն։
Հիվանդանոցից հայտնել են, որ ժամը 21:45-ի սահմանում «ձախ դաստակի 2-րդ մատի ջնջխված հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է անզգուշաբար կրակելու հետևանքով՝ ատրճանակը փորձարկելիս: Նա նաև տանը չհրկիզվող պահարանից ներկայացրել է ատրճանակը՝ իր փամփշտատուփով, որի մեջ եղել է 4 փամփուշտ, 2 կրակված փամփուշտ, ինչպես նաև 18 հատ մեկնարկային ատրճանակի փամփուշտ և «Մակարով» տեսակի ատրճանակը։
Տղամարդը հայտարարել է, որ այն գտել է իրենց շենքի բակից, և վնասվածքը ստացել է ատրճանակը փորձարկելիս, իր անզգուշության հետևանքով ու որևէ մեկին դիտավորյալ վնասելու նպատակ չի ունեցել։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։