Սա մեսիջ էր Թուրքիային և Ադրբեջանին, որ Հայաստանը անվտանգ է թnւրքակшն աշխարհի համար
2/2/2025 17:07
ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն անդրադարձել է Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգ երգող անձանց տեսանյութը տարածած արցախցի Ղարիբ Բաբայանի երեկվա ձերբակալությանն ու այնուհետև դատարանի շենքից ազատ արձակմանը: Նրա կարծիքով՝ Հայաստանում փոխվել է պետական քաղաքականությունը:
Ստորև ներկայացնում ենք ԱԱԾ նախկին տնօրենի ամբողջական գրառումը.
«ՀՀ ԱԱԾ-ի դերակատարությունը կատարվածում առերևույթ է, ոչ նախաձեռնողական ու խորքային (համենայն դեպս այդպես եմ ուզում մտածել), սա պետական քաղաքականության հիմնովին փոփոխության արդյունք է:
Հայաստանի Հանրապետության դատարանը իր որոշմամբ փաստեց, որ կա հանցագործության դեպք, Ղարիբ Բաբայանի նկատմամբ ծագել է հիմնավոր կասկած, պարզապես կալանք չի կիրառվում՝ հիմքերով պայմանավորված:
Սրանով բոլորին հստակ ուղերձ իջեցվեց, որ այսուհետ չի հանդուրժվելու Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ սուր խոսքը, քննադատությունը, նաև մեսիջ էր նշված երկրներին, որ այս իմաստով մենք նոր իրավիճակ ենք ձևավորում, Հայաստանը բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար, շարունակենք համագործակցել...»:
Հիշեցնենք, որ դատարնը մերժել է Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգ երգող անձանց տեսանյութը տարածած արցախցի Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը, նա ազատ է արձակվել: Փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ նրա դեմ ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։
Արցախցի Ղարիբ Բաբայանը ձերբակալվել էր Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգն ադրբեջաներեն երգող օտարերկրացիների տեսանյութը տարածելու համար։
Հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածված տեսանյութը բուռն քննարկումների առիթ էր դարձել: ԱԱԾ-ն պարզաբանել էր, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են: