Մանրամասներ՝ մետրոյում կատարված խուլիգանության դեպքից

3/2/2025 12:21

Փետրվարի 1-ին, ժամը 21.32-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, դիմակավորված անձինք ներկ են փչում գնացքի վագոնների վրա։ Րոպեներ անց կրկին ահազանգ է ստացվել, որ նույն անձինք քարեր են նետում գնացքի ուղղությամբ և թույլ չեն տալիս, որ այն շարժվի: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նախ աշխատեցրել են գնացքի «վթարային կանգառ» բռնակը, իսկ շարժակազմի կանգառից հետո կայարանների միջանկյալ հատվածից, պատը մագլցելով, վազել-մոտեցել են մի խումբ անձինք և ներկելու միջոցով վնասել ուղևորներով ընթացող գնացքի վագոնները: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Պարզվել է հանցագործությունը կատարած օտարերկրյա քաղաքացիների ինքնությունը։ Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողներն իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ ԱԱԾ և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների հետ, խուլիգանության կասկածանքով ձերբակալել են Բագրատաշենի սահմանային անցակետը հատել փորձող հինգ օտարերկրացու: Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: ՆԳՆ-ից 1Lurer.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնել են, որ ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության՝ չորս և Լիտվայի Հանրապետության՝ մեկ քաղաքացի։