Թալինում ընտանիք է թունավորվել

3/2/2025 22:50

Այսօր՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:25-ի սահմաններում «Թալին» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ «այլ և չճշտված նյութերի տոքսիկ ազդեցություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 4 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ տուժածները հիվանդանոց են տեղափոխվել Թալին քաղաքի Պարույր Սևակի փողոցի տներից մեկից։ Նրանք են Շիրակի մարզի բնակիչներ 32-ամյա Արմինե Բ.-ն, 8-ամյա Մանուշակ Դ.-ն, Արագածոտնի մարզի բնակիչներ 30-ամյա Զեփյուռ Բ.-ն և 8-ամյա Արտաշես Մ.-ն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններս հնարավոր է՝ թունավորումը ստացած լինեն տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով։ Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։