Շարժակազմի մեծ մասը բերվել է իմ օրոք
4/2/2025 17:28
Այն, ինչ հիմա ասում եք, Ձեր ժամանակ ինչո՞ւ չարեցիք, գազելները ձեր ժամանակ կար, հիմա չկա: Այս մասին տրանսպորտի թանկացման դեմ ակցիա իրականացնող Հայկ Մարությանին ասաց քաղաքացիներից մեկը:
«Ո՞նց չեմ արել, բա ես սկսել եմ տոմսային համակարգի ներդրումը, մեր թիմն է սկսել: 2018-ին մենք սկսեցինք բերել շարժակազմ, շարժակազմի մեծ մասը բերվել է իմ օրոք, տեսանյութերը կան, արդեն մենք պատրաստվում էինք 2022 թվականի սկզբից անցնել տոմսային համակարգի: Ընդ որում, այսպես էր լինելու տոմսային համակարգը, դու ունես բանկային քարտ, հպում ես և քո բանկային քարտից ստանում է 100 դրամ, կամ դու գնում ես քաղաքապետարանի կողմից թողարկված քարտ, որը լիցքավորվում է, ենթադրենք 500 դրամով լիցքավորում ես, այդ 500 դրամով 100-100 դրամներով կարող ես հինգ անգամ օգտվել: Կարևոր չէ, թե ինչ ժամանակահատվածում՝ վեց ամսում, թե մեկ տարում, դու ունես այդ 500 դրամը»,- ասաց Մարությանը:
Արձագանքելով՝ քաղաքացին նշեց.
«3 տարի է քաղաքապետ էիր, ինչու այդ երեք տարվա ընթացքում չբերեցիք այդ ավտոբուսներն ու փոխեիք գազելները»:
«Արել ենք, 211 հատ «Jongtong»-ներից ենք բերել, սկսել ենք «Man» ավտոբուսները բերելու ամբողջ պրոցեսը , ստորագրել ենք պայմանագիրը, այն բերվել է արդեն ինձնից հետո»,- ասաց Հայկ Մարությանը: