ՀՅԴ-ն պատրաստակամ է համազգային համախմբման

10/3/2025 12:28

ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովի հայտարարությունը. «ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովը գումարվեց Հայաստանի Հանրապետության և ողջ հայության համար աշխարհաքաղաքական և ներազգային լրջագույն մարտահրավերների, Արցախի Հանրապետության բռնազավթման, Արցախում տեղի ունեցած ցեղասպանության, Հայոց պետականության դեմ ուղղված գոյութենական սպառնալիքների ժամանակահատվածում։ Պատերազմներով ուղեկցվող համաշխարհային վերադասավորումները, միջազգային ինստիտուտների և միջազգային իրավունքի, ինչպես նաև զսպման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը անվտանգային մարտահրավերներ են Հայոց պետականության լինելիությանն ու հայկական համայնքների կենսունակությանը։ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում խախտված ռազմաքաղաքական հավասարակշռությունը, Ադրբեջանի շարունակական ռազմատենչ նկրտումներն ու ՀՀ իշխանությունների որդեգրած խաղաղության կեղծ օրակարգը անվտանգային նոր սպառնալիքներ են ստեղծում։ Ինչպես թուրք-ադրբեջանական տանդեմի, այնպես էլ ՀՀ վարչախմբի համար առաջնային թիրախ են ազգային ինքնութենական արժեքներն ու ազգային գաղափարախոսություն կրող ուժերը։ Հայաստանի անվտանգային և կառավարման ճգնաժամը, ներազգային թշնամանք հրահրելու և Սփյուռքը պառակտելու իշխանության քայլերը խորացնում են հանրային հուսալքությունը։ Քննելով իրավիճակը ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովը հաստատեց․ Մրցունակ, նոր որակի ազգային պետության կառուցումը և հայկական ինքնության պահպանումը ՀՅԴ-ն հռչակում է ռազմավարական նպատակ և հայտարարում է պայքարի վճռական հանգրվանի մասին։ Ըստ այդմ սահմանվում են ռազմավարական հետևյալ առաջնահերթությունները՝ • Հայոց անկախ պետականության հզորացում, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնում, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կերտում՝ Անկախության հռչակագրի տառին և ոգուն համապատասխան, • Արցախի ազատագրման օրակարգի շուրջ համազգային համախմբում, միջազգային իրավաքաղաքական երաշխիքների գործադրումով՝ արցախահայության հավաքական վերադարձի և հիմնարար մյուս իրավունքների իրացում, • Հայոց բանակի, պաշտպանության և անվտանգության համակարգերի ամրապնդում, • Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման իրավունքի հետապնդում, • Ազգային և պետական շահերի վրա կառուցված, անվտանգային սպառնալիքները հաղթահարող արտաքին քաղաքականության որդեգրում, • Սփյուռքի կազմակերպական հզորացում, համահայկական օրակարգերի շուրջ ազգային և քաղաքական համախմբում։ Միաժամանակ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը հաստատեց. ՀՀ իշխանությունների որդեգրած ապազգային և ապապետական ընթացքը կասեցնելու, Հայրենիքի անվտանգությունը երաշխավորելու, կենսունակ հայկական պետություն ունենալու, սոցիալական արդարություն հաստատելու, ներազգային համապարփակ ճգնաժամը հաղթահարելու և ՀՅԴ ռազմավարական նպատակները իրագործելու անհրաժեշտ պայմանը իշխանափոխությունն է: ՀՅ Դաշնակցությունը լի է վճռականությամբ և պատրաստակամ է պետականության և ազգային ինքնության պահպանման ու զարգացման օրակարգի շուրջ գոյացնել համազգային համախմբում»: