Սիրիայի ՊՆ. ռազմական օպերացիան ավարտված է

10/3/2025 18:47

Սիրիայի նոր իշխանությունների ռազմական օպերացիան ընդդեմ տապալված նախագահ Բաշար ալ Ասադի հավատարիմ ուժերի ավարտվել է. Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի Պաշտպանության նախարարությունը: Մինչդեռ համացանցում տարածվում են Ասադին աջակցող ալավի փոքրամասնության ներկայացուցիչների դեմ ջարդերի նոր կադրերը: Ասադին հավատարիմ ուժերի և երկրի նոր իսլամիստ իշխանությունների միջև բախումները Լաթաքիայում և Տարտուսում, ըստ որոշ տվյալների, խլել են ավելի քան 1000 մարդու կյանք՝ հիմնականում խաղաղ բնակիչների: Պաշտպանության նախարարության խոսնակ Հասան Աբդուլ Ղանին X-ի հաղորդագրության մեջ ասել է, որ պետական ​​հաստատություններն այժմ կարող են վերսկսել իրենց աշխատանքը և ծառայություններ մատուցել. «Մենք ճանապարհ ենք հարթում կյանքի բնականոն հուն վերադարձի և անվտանգության ու կայունության ամրապնդման համար»։ Սիրիայում ալավիների ջարդերի ֆոնին Ահմեդ ալ Շարաան խոստացել է պատժել արյունահեղության մեղավորներին: