Կոչ Թրամփին՝ քայլեր ձեռնարկել քրիստոնյա պատանդների ազատ արձակման համար

12/3/2025 12:18

Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 24 քրիստոնյա պատանդների՝ 23 հայ և մեկ կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյայի ազատ արձակման համար, հայտնում է christiannewswire.com-ը: Բաց նամակի տակ ստորագրածները վկայակոչել են խոշտանգումների և շարունակվող բռնությունների մասին հավաստի հաղորդումները՝ ընդգծելով իրենց համոզմունքը, որ նախագահ Թրամփի ղեկավարությունը եզակի դիրք ունի այս ճգնաժամը լուծելու համար, և որ անհրաժեշտ են արագ գործողություններ՝ փրկելու քրիստոնյաների կյանքը: «Մենք հավատում ենք, որ Դուք միակն եք, ով կարող է փրկել քրիստոնյա պատանդներին: Գրեթե 2 տարի առաջ Ադրբեջանը էթնիկ զտումներ է իրականացրել ավելի քան 120,000 քրիստոնյա հայերի նկատմամբ, սակայն Բայդենի վարչակազմը հրաժարվել է քայլեր ձեռնարկել: Այդ ժամանակից ի վեր 23 քրիստոնյա հայ պատանդներ և մեկ կրոնափոխ ադրբեջանցի ենթարկվում են խոշտանգումների: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ միակ կազմակերպությանը, որին թույլատրված է ստուգել նրանց վիճակը, վերջին օրերին հրամայվել է լքել երկիրը»,- ասվում է նամակում։