Թnւրք լրագրողները Երևան են ժամանել ՀՀ բյուջեի հաշվին

12/3/2025 13:11

Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար Հայաստան են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ և ՀՀ պետական բյուջեի միջոցներով,- Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը: Նա տեղեկացրել է, որ Հայաստան են ժամանել թուրքական տասը լրատվամիջոց: «Նախաձեռնությունը մերն է, եղել է 10 լրատվամիջոց, նպատակը որպես այդպիսին Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Թուրիքա-Հայաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները»,- ասել է նա: «Նախաձեռնությունը Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից է եղել: Փորձել ենք գտնել ամենաազդեցիկ լրատվամիջոցների, դիմել ենք խմբագրություններին և ուղարկել են համապատասխան լրագրողների: Այցի շրջանակներում լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցազրույցներ ու քննարկումներ են ունեցել վարչապետի, մի շարք այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ: Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներն այստեղ են եկել ՀՀ պետական բյուջեի միջոցներով և այստեղ են մնալու երեք օր, վաղն արդեն կմեկնեն»,- ասել է Ծառուկյանը: