Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը
12/3/2025 18:11

Միայն նրանք, ովքեր ուղեղով տկար են, չեն տեսնում ինչ է անում Ռուբեն Վարդանյանը, մնացած մարդիկ տեսնում են, հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգվնելու է ու թանկ գին ենք վճարում բոլորս, բայց դա տեղի է ունենալու,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:
«Մենք զրույց ենք ունեցել Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամների հետ, իր կինը և քույրը մեզ խնդրել են դադարեցնել հացադուլը, հորդորել են ուժեղ պահել Ռուբենին, որ մեր քայլով որևէ կերպ վատ չզգա նա: Մենք, լսելով իրենց, խոստացել ենք դադարեցնել հացադուլը»,- ասել է Թանդիլյանը:
Նա հավելել է, որ այսօրվանից կդադարեցնեն հացադուլը, բայց նաև թիմով քննարկել են անցնելու գործողությունների ավելի ակտիվ փուլ: «Մենք բավարար ջանքեր չենք գործադրել և դրա պատճառով է Ռուբեն Վարդանյանը հացադուլ սկսել այս ամենի հետևանքով, կարծես անտարբերության թմբիրի մեջ լինենք, հայ գերիներ են գտնվում Բաքվի բանտերում, իսկ մեր առօրյան չի փոխվում»,- նշել է նա:
Թանդիլյանի խոսքով՝ ակտիվ գործողությունների փուլ պետք է մտնեն, այնպես որ աշխարհն իմանա որ չեն ներելու, չեն լռելու, և բոլորը պետք է վերադառնան տուն:
«Դրա համար նախանշել ենք երկու ծրագիր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ: Կարճաժամկետն այն է, որ այնպես պետք է անենք, որ Ռուբեն Վարդանյանը դադարեցնի հացադուլը: Մենք միջազգային կառույցներից պետք է պահանջենք մասնակցություն բոլոր գերիների «դատավարական գործընթացներին»: ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ուրբաթ ժամը մեկին հավաքվելու ենք և կպահանջենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչից կապվել Բաքվի իր գործընկերոջ հետ, որ գնան ու այդ դատավարություններին մասնակցեն, մենք պետք է ստանանք պատասխաններ:
Միջազգային կառույցները պետք է հասկանան՝ մենք լինելու ենք հետևողական, մենք ՀՀ իշխանությունը չե՛նք: Եկեք միասին մի բռունցք դառնանք, հա՛յ ժողովուրդ, պետք է ոտքի կանգնենք ու ասենք՝ մեր գերիները պետք է վերադառնան տուն»,- ասել է Թանդիլյանը և նշել, որ առաջին օրակարգով Ռուբեն Վարդանյանի հարցն է, որովհետև նա հացադուլի մեջ է, երկրորդը՝ բոլոր 23 մեր գերիների վերադարձն է:
«Մենք դիմում ենք տարբեր կառույցների, ասում են՝ ձեր իշխանություններն ինչ-որ բան պետք է անեն, որ մենք աջակցենք: Իշխանություններն էլ ասում են՝ մենք կառուցողական երկխոսության մեջ ենք, այս օրակարգը խաթարում է կառուցողական հարաբերությունը: Խաղաղությունը թղթի վրա չի լինում, եթե դու քո հայորդուն ունես Բաքվում, ի՞նչ խաղաղություն: Երկխոսե՛ք, քավ լիցի, խաղաղություն բերեք բայց ունեցեք ձեր օրակարգում հայ գերիների վերադարձի հարց: Իշխանությունները կզբաղվեն սրանով, երբ հասկանան, որ հայ ժողովրդի օրակարգում է գերիների վերադարձի հարցը և դա իրենց իշխանական աթոռ է արժենալու»: