Հարությունն այնտեղ է, ուր չկա ատելություն ու թշնամանք

19/4/2025 21:47

Քրիստոսի Սուրբ Հարությունից երկու հազար տարիներ հետո տեսնում ենք մարդկային ցավի ու կարիքի նկատմամբ անտարբեր ու սնափառ հոգիներ, որոնք ինքնության ուրացման գնով փառք ու անձնական բարեկեցություն են փնտրում, տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք իրապաշտության հանդերձանքով հայրենադավություն, պատմական հիշողությունից հրաժարում և ինքնաժխտում են քարոզում, տեսնում ենք խոսքի աճպարարներ, որոնք ազատության ու արդիականության զարդարանքի մեջ սանձարձակություն են տարածում, տեսնում ենք նաև ինքնահռչակ լուսավորիչներ, որոնք անկրթության աղաղակող շքահանդեսում «գիտելիք ու բարեկրթություն» են վաճառում: Եվ սրանք բոլորը պարծենում են այն ամենով, ինչի համար պետք էր ամաչել, և ամաչում այն ամենից, ինչով պետք էր պարծենալ։ Եվ այսպես են պատիվն ու հարգանքը, անցյալն ու ներկան, այլև ապագան աճուրդի հանվում մարմնապաշտության սև բագիններում: Այս մասին Զատկի Ճրագալույցի քարոզի ժամանակ նշել է Արշակ Սրբազանը։ «Հարությունն ամենուր է և ամեն ժամ, երբ Աստված դառնում է առանցքն ու ուղենիշը մեր կյանքի։ Հարությունն այնտեղ է, ուր չկա ատելություն ու թշնամանք, Հարությունն այնտեղ է, ուր խորտակվում է պատնեշը չարի և Հարությունն այնտեղ է, ուր գերիշխում են միաբանությունն ու համերաշխությունը, և թագավորում՝ սերը»,- ասել է նա։