Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Զատկի առթիվ

19/4/2025 21:52

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Զատկի առթիվ։ «Սիրելի հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատիկի՝ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ։ Այս վեհ ու լուսավոր տոնը քրիստոնեական հավատքի ամենակարևոր խորհրդանիշներից է, որ մարմնավորում է կյանքի, հույսի, հոգևոր վերածննդի և արդարության հաղթանակը։ Այն մեզ կոչ է անում վերարժևորել մեր ներքին հավատքը, լինել համերաշխ, սիրառատ ու հանդուրժող։ Թող Սուրբ Զատիկի բարությամբ ու ջերմությամբ լցվեն մեր ընտանիքները, մեր տներում թող ճառագի հարության լույսը և ոգու կամքի ու հավատի ամրություն ու բարօրություն բերի աշխարհասփյուռ հայությանը։ Այս տոնական օրը թող խթան դառնա առավել հոգատար լինելու միմյանց, մեր հասարակության և պետության հանդեպ, ամրացնի մեր միասնականությունը և պատասխանատվության զգացումը՝ ապագայի հանդեպ։ Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։