Արցախցիները հանդիպել են Շահրամանյանի հետ

21/4/2025 14:38

Մի խումբ արցախցիներ այսօր հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի և պետնախարարի հետ՝ քննարկելու «թալանի» հարցը։ «Երկար քննարկում ունեցանք նախագահի և պետնախարարի հետ, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մոտակա օրերին դիմեն Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտե, ԱԱԾ և ընդունելություն կազմակերպեն։ Որ կառույցը մեզ ընդունի՝ կներկայացնենք բոլոր խնդիրները, թալանը, որտեղից ով, ինչ ինֆորմացիայի է տիրապետում, ընդհանուր մի պապկա ներկայացնելու ենք»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է արցախցի ակտիվիստ Նահապետ Սարգսյանը: «Չենք պատկերացնում, որ չեն ընդունի, Հայաստանի կառավարությունն ամեն օր խոսում է կոռուպցիայի մասին, ասում է՝ դեմ ենք կոռուպցիային։ Հետքայլ գոյություն չունի, ավելի վճռական ենք տրամադրված։ Վճռական քայլ է, որ նախագահի հետ գնալու ենք»,- նշել է նա։ Հիշեցնենք, որ օրեր առաջ մի խումբ արցախցիներ ակցիա էին իրականացրել Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ՝ պահանջելով իրավական ճանապարհով վերադարձնել «Արցախից թալանված գումարները» և դրանք ուղղել արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։ Ակցիայի սկզբում Սամվել Շահրամանյանից պահանջել էին գնալ դատախազություն և իմանալ, թե ինչ փուլում է 1.5 տարի առաջ հարուցված քրեական գործը։