Հռոմի պապի հուղարկավորության ծախսերը կվճարի անանուն բարերարը
22/4/2025 16:48

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ծախսերը կվճարի անանուն բարերարը, գրում է The Telegraph-ը:
«Իմ թաղման նախապատրաստման ծախսերը կկատարվեն իմ կողմից ընտրված բարերարի գումարով»,- ասված է Ֆրանցիսկոսի կտակում։
Ըստ Հռոմի պապի կտակի՝ պոնտիֆիկոսը ցանկացել է, որ իրեն թաղեն «առանց հատուկ զարդարանքի»՝ Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում: Նա պատվիրել է գերեմանին գրել մեկ բառ՝ Ֆրանցիսկոս:
Հիշեցնենք, որ կաթոլիկների հովվապետը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան. հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին: Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը մասնակցելու են տարբեր երկրների ղեկավարներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և այլք։ Ռուսաստանը դեռ չի կողմնորոշվել՝ կմասնակցի արդյոք արարողությանը։
Հռոմի պապը փետրվարի 14-ին հոսպիտալացվել էր կրկնակի թոքաբորբի պատճառով և ավելի քան մեկ ամիս անցկացրել էր հիվանադանոցում: Դուրս գրվելուց հետո նրա առողջական վիճակը շարունակում էր բարդ լինել: