Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել

30/4/2025 13:15

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անմեղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են Կառավարությունից: Իրանի հոգևոր առաջնորդին ուղղված հեռագրում նշված է. «Խորին ցավակցություն եմ հայտնում Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անմեղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ: Այս դժվարին պահին մեր զորակցության և համերաշխության խոսքերն ենք հղում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր վիրավորներին»: Իրանի նախագահին ուղղված ցավակցական հեռագրում նշված է. «Խոր վշտով տեղեկացա Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած սարսափելի պայթյունի մասին, որն անմեղ զոհերի և վիրավորների պատճառ դարձավ: Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցության և վշտակցության խոսքեր եմ հղում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին: Այս ծանր պահին զորակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»: