Թաղապետը հшյhnյել է և ի՞նչ ակնկալիք ուներ դրան ի պատասխան, ինչ բառամթերք օգտագործել է
1/5/2025 19:22

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մեսրոպ Մանուկյանը։
«Թաղապետի հետ չեմ խոսել, երբ իմացել եմ, որ իրեն լկտի արտահայտություններ է թույլ տվել, իր կուսակից ընկերների միջոցով փոխանցել եմ իրեն, որ մեկ օր ժամանակ է տրվում իրեն ներողություն խնդրելու համար։ Եթե նա նման պաշտոն է զբաղեցնում և չի գիտակցում, թե ինչպիսի վարք պետք է դրսևորի, ապա դրա գնահատականը թող ժողովուրդը տա։ Եթե նա իրեն հայհոյանք է թույլ տալիս, ապա ի՞նչ պատասխան է սպասում։ Ինչ բառամթերք որ օգտագործել է, նման բառամթերով պատասխան էլ ստացել է։ Կրկին անգամ պնդում եմ, որ չեմ ստորացրել Տիգրան Տեր-Մարգարյանին, ինչպիսի մեղադրանք որ առաջադրվել է ինձ և քննչական մարմնին խնդրել եմ, որ եթե նա իրեն համարում է ստորացված, ապա առերեսում իրականացվի մեր միջև։ Չեմ ընդունում ոչ մի մեղադրանք, չեմ ստորացրել, «ստորացված մարդուն» էլ հրավիրում եմ առերեսման»,- նշեց նա։
Պաշտպան Միհրան Պողոսյանն ընգդծեց, որ այն գործողությունները, ինչը տեղի են ունեցել հրապարակային ձևով, որևէ կապ չունեն խուլիգանության հետ, դրանք իրականացվել են՝ դրան նախորդած իրադարձությունների կապակցությամբ։ Պողոսյանը պնդեց, որ Մանուկյանի գործողություններում հանցակազմ չկա։