Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն է պահանջել ՌԴ-ից

4/5/2025 17:13

Ռուսական կողմի այս որոշումը համարում ենք անբարյացակամ քայլ և ակնկալում հստակ բացատրություններ. այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով ադրբեջանցի պատգամավորի մուտքը ՌԴ արգելելը: «Միջադեպի կապակցությամբ մեր դեսպանատան միջոցով անմիջապես կապ է հաստատվել ՌԴ ԱԳՆ-ի հետ: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ դեպքը կհետաքննվի, սակայն որոշման պատճառների մասին բացատրություն չի տվել»,- ասված է հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ Մոսկվայի օդանավակայանում Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր է բերման ենթարկվել, նրա մուտքը ՌԴ արգելվել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ամենայն հավանականությամբ, ռուսական կողմը պատգամավոր Ազեր Բադամովին «սև ցուցակում» է ներառել Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևի մասին վիրավորական հայտարարությունների համար։ Բադամովը, որը ռուսական կողմի հրավերով պաշտոնական պատվիրակության կազմում պետք է մեկներ Աստրախան, բերման է ենթարկվել Մոսկվայի օդանավակայանում: Նրան թույլ չեն տվել մեկնել Աստրախան։ Նա վերադարձել է Բաքու: