Ոչինչ չպետք է փոխի տարածաշրջանի աշխարհառազմավարական լանդշաֆտը

26/5/2025 14:47

Իրանն աջակցում է խաղաղության պայմանագրին և կարծում՝ որքան շուտ ստորագրեք, այնքան լավ Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի համար,- «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ասել է Իրանի ԱԳ փոխնախարար Սաիդ Ղաթիբզադեն: «Պետք է հստակ ասեմ, որ մենք չենք ընդունում տարածաշրջանի աշխարհառազմավարական լանդշաֆտի որևէ փոփոխություն։ Մենք աջակցում ենք այն ամենին, ինչի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվում են միմյանց հետ՝ միջազգային իրավունքի հիման վրա և միջազգային նորմերին, Հայաստանի ինքնիշխանությանն ու իրավասությանը համապատասխան։ Բայց շատ կարևոր է նշել, որ ոչինչ, բացարձակապես ոչինչ չպետք է փոխի այս տարածաշրջանի աշխարհառազմավարական լանդշաֆտը։ Այդ իսկ պատճառով ինձ շատ է դուր գալիս այս «Խաղաղության խաչմերուկ»-ը, այս ճանապարհը: Մի քննարկման եմ մասնակցելն պարոն Գրիգորյանի հետ։ Նրանք հարցրեցին Զանգեզուրի մասին, և ես միտումնավոր բարձրացրի այդ հարցը, քանի որ ուզում էի Հայաստանից լսել, որ ոչ մի ճանապարհ իրականում չի կարող լինել միջանցքային տրամաբանության մեջ»,- ասել է նա: Ղաթիբզադեն ընդգծել է, որ Հայաստանը շատ կարևոր է Իրանի համար, այդ իսկ պատճառով Իրանը միշտ հանդես է եկել միջև լավագույն հարաբերությունների օգտին։ Դրա պատճառները բազմաթիվ են՝ երկկողմ հարաբերությունների աշխարհատնտեսական, աշխարհառազմավարական, աշխարհամշակութային ասպեկտները։ «Ես կցանկանայի եզրափակել այն մտքով, որ խաղաղությունն այն է, ինչ իսկապես անհրաժեշտ է մեր տարածաշրջանի համար։ Իրանը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները դա իրագործելու համար»,- եզարփակել է Ղաթիբզադեն: