Փաշինյանը հյուրընկալել է Նուրլանբեկ Տուրգունբեկին

27/5/2025 15:42

Փաշինյանը հյուրընկալել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահ (Ժոգորկու Քենեշի տորագա) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Փաշինյանը ողջունել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների ու ժողովուրդների միջև առկա ամուր հարաբերությունների փաստը: Փաշինյանի խոսքով՝ պետք է հիմնվել դրանց վրա էլ ավելի զարգացնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում: Երկրի ղեկավարը կարևորել է փոխգործակցության հետագա զարգացումը նաև միջխորհրդարանական ձևաչափով, ինչը ևս նոր ազդակ կհաղորդի քաղաքական երկխոսությանը: Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուն շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և վարչապետին փոխանցել Ղրղզստանի նախագահի ջերմ ողջույնները: Ղրղզստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանի խորհրդարանականների հետ ձևավորել են սերտ փոխգործակցություն և իր այցի նպատակն է նոր ազդակ հաղորդել երկկողմ կապերին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղրղզստանի միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությանը, երկկողմ հարաբերությունների օրակարգային տարբեր թեմաներ, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցեր: