Իշխանության նպատակը շատ պարզ է

30/5/2025 13:15

Մայր Աթոռի դեմ հարձակումները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իր նախապատմությունն ունեն,- ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է գրել. «Նախ ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը հայտարարեց, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանում» հոգևոր խորհուրդ հիմնելու մասին, ապա զանգվածային հարձակումներ սկսեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Պատճառն այն է, որ Մայր Աթոռն ակտիվ հակազդում է Ադրբեջանի դրսևորած ագրեսիվ վարքագծին ո´չ միայն Արցախի տարածքում հայկական հոգևոր ժառանգության դեմ ոտնձգություններին և ոչնչացմանը, այլ որոշակի առումով, ստիպված պետության ֆունկցիա է ստանձնել` պաշտպանում է հայության հավաքական իրավունքները, կոշտ մեկնաբանություններ անում ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների վերաբերյալ և խոսում այն մասին, որ Արցախի էջը փակված չէ: Ադրբեջանի հետ ներդաշնակ գործող ՀՀ կառավարիչը նախ կառավարության նիստում վարկաբեկիչ հայտարարություն արեց Առաքելական եկեղեցու դեմ, իսկ այսօր ֆեյսբուքյան այլանդակ գրառմամբ պարզապես նոր հակառեկորդ սահմանեց: Իշխանության նպատակը շատ պարզ է` արժեհամակարգի, բարոյականության նորմերի ոչնչացման ոչ կենսունակ դարձնել ազգն ու պետությունը` դրանով իսկ արագացնելով երկրի ամբողջական հանձնումը»,- գրել է նա։