Ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են

2/6/2025 18:53

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստամբուլյան բանակցություններն ավարտվել են, դրանք տևել են 1 ժամից ավելի։ Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ այս անգամ դրանք անցկացվել են ռուսերենով։ Բանակցությունները կայացել են Չիրաղան պալատում, Նախորդ բանակցությունները տեղի են ունեցել Դոլմաբահչե պալատում: Ուկրաինական պատվիրակության կազմը, որը կրկին գլխավորում էր պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, փոխվել էր. այնտեղ չի ընդգրկվել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի Կենտրոնական իրավաբանական վարչության միջազգային և օպերատիվ իրավունքի վարչության պետ Օլեքսեյ Մալովացկին։ Ռուսական պատվիրակությունը Ստամբուլ էր ժամանել նախօրեին՝ հունիսի 1-ին. կազմն անփոփոխ էր՝ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխնախարար Միխայիլ Գալուզինը, Գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը: Հայտնի է, որ կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել հրադադարի շուրջ, սակայն պայմանավորվածություններ են ձեռք բերվել հումանիտարի հարցերի շուրջ: Թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ այս պահին երկու երկրների ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Հաստատ հայտնի է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի բանակցություններն այսօր չեն շարունակվի, պատվիրակություններն արդեն հեռացել են քաղաքից։ «Ուկրաինան և Ռուսաստանը պատրաստվում են գերիների նոր խմբաքանակ ազատ արձակել»,- բանակցություններից հետո հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։ Ռուսաստանը Ուկրաինային հուշագիր է փոխանցել պատերազմի ավարտի պայմանների մասին, ասել է The Economist-ի լրագրող Օլիվեր Քերոլը։ «Բանակցությունների ևս մեկ փուլ կլինի, ինչ էլ որ դա նշանակի, հստակ ժամկետ չկա»,- հայտնել է լրագրողը։ Պատվիրակությունները չեն սեղմել միմյանց ձեռքերը և չեն արել որևէ առաջարկ, որը կարող է ցույց տալ առաջընթաց որևէ հնարավոր գործարքի հարցում, քանի որ Վլադիմիր Պուտինը հրաժարվում է հետ կանգնել իր առավելապաշտական ​​պահանջներից, հաղորդում է Financial Times-ը: Բանակցությունները կենտրոնացել են հումանիտար խնդիրների վրա, հաղորդել է Օլիվեր Քերոլը: «Դրանք տևել են մեկ ժամից մի փոքր ավելի, ինչը խոսում է այն մասին, որ քննարկելու շատ բան չկար»,- գրել է նա: