Արևմտյան Նեղոսի տենդի 1 դեպք է հաստատվել

4/6/2025 12:08

Հունիսի 3-ին Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Արևմտյան Նեղոսի տենդը հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող տրանսմիսիվ վիրուսային հիվանդություն է: Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում։ Այն ունի հստակ արտահայտված սեզոնայնություն՝ հունիսից մինչև հոկտեմբեր, պայմանավորված մոծակների բազմացման և տարածման համար բարենպաստ պայմաններով։ Վարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ որևէ ախտանշաններ չեն զարգանում: Կլինիկական ախտանշանները՝ գլխացավ, մկանացավ, ցան, հոդացավ, գլխապտույտ, իսկ ծանր դեպքերքում՝ մենինգիտ, էնցեֆալիտ, ինչպես նաև կենտրոնական կամ ծայրամասային նյարդային համակարգի ախտահարման նշաններ: ՀՎԿԱԿ մասնագետները փոխանցողների շրջանում շարունակում են իրականացնել միջատաբանական հետազոտություններ: