Ադրբեջանի հետ համատեղ որոնողական աշխատանքներ կիրականացվեն
4/6/2025 18:04

Հանդիպումը տեղի է ունեցել, արդեն երկրորդ հանդիպումն է սա և հանդիպման ժամանակ քննարկվել է անհետ կորածների ճակատագիրը, հնարավոր որոնողական աշխատանքները և նմանատիպ բնույթի այլ հարցեր,- լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպմանը ինչ է քննարկվել:
Աբազյանը նշել է, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ աշխատանքները շարունակական լինեն:
«Հանդիպումը գնահատում եմ դրական: Ես գիտեմ, որ բոլորը սպասում են արդյունքների, մենք բոլորից շատ ենք շահագրգռված, որ օր առաջ արդյունք ունենանք: Ես չեմ կարող հստակ ասել, թե երբ արդյունք կունենանք, բայց արդյունք ունենալու ուղղությամբ ամեն ինչ արվում է»,- ասել է նա
Հարցին՝ երբ կմտնեք Արցախ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար, նա ասել է, որ նախնական համաձայնություն կա, որ համատեղ իրականացվելու են որոնողական աշխատանքներ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։ Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։