Լավ հիշում ենք, թե ինչպես է Եկեղեցին եղել մեր ցավերի ու պայքարի կողքին

11/6/2025 14:13

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի շուրջ տեղի ունեցող հարձակումների կապակցությամբ Սինջար եզդիների ազգային միավորումը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մենք՝ Սինջար եզդիների ազգային միավորումը, խորը մտահոգությամբ հետևում ենք վերջին շաբաթներին ծավալվող արշավին, որն ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ։ Հայ Առաքելական Եկեղեցին հարյուրամյակներ շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր հենարանը, ազգային ինքնության պահապանն ու ճգնաժամերի պայմաններում՝ ուժի աղբյուրը։ Այս ինստիտուտի վրա հարձակումն անթույլատրելի է ոչ միայն հայերի, այլև Հայաստանում ապրող բոլոր ազգային ու կրոնական փոքրամասնությունների համար, քանզի այն ուղղված է պետության կայունության, արժեքների և բազմազանության դեմ։ Մենք դատապարտում ենք Հայաստանի իշխանությունների կողմից կազմակերպված քաղաքական հարձակումը Կաթողիկոսի և Եկեղեցու վրա։ Երբ պետության ղեկավարությունը փորձում է վարկաբեկել հոգևոր ինստիտուտները, դա ոչ թե հոգևոր դաշտը կարգավորելու, այլ սեփական ձախողումներն ու վախերը կոծկելու փորձ է։ Որպես եզդի ժողովուրդ՝ մենք լավ հիշում ենք, թե ինչպես է Հայ Առաքելական Եկեղեցին եղել մեր ցավերի ու պայքարի կողքին։ Երբեք չենք մոռանա, որ Կաթողիկոս Գարեգին Երկրորդն անձամբ արձագանքեց Սինջարի ողբերգությանը, կանգնեց եզդի ժողովրդի կողքին և բարձրաձայնեց մեր ցավը։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին դադարեցնել խաթարող ու պառակտիչ հռետորաբանությունը՝ գիտակցելով, որ ազգային միասնականության հիմքում պետք է լինեն արժանապատվությունն ու փոխադարձ հարգանքը։ Հայ Առաքելական Եկեղեցին մնում է սուրբ և վերքաղաքական կառույց։ Հասարակական շահերը հնարավոր չէ առաջ տանել՝ հարվածելով հոգևոր արժեքներին։ Երևան, 2025 թ. հունիս 11»։