Երեւանը հասկանում է, որ ռուսական ռազմական ներկայությունը անվտանգության կարեւոր տարրն է

11/6/2025 15:19

ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասի անվտանգության տեսակետից որևէ լավ բան չի ներկայացնում,- ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է մեկնաբանել Ադրբեջան-ՆԱՏՕ սերտ համագործակցությունը: «Ընդհակառակը, արևմտականների հիմնական նպատակն է խարխլել իրավիճակը տարածաշրջանում, ստեղծել լարվածության նոր օջախներ: Հուսով ենք՝ և՛ Բաքվում, և՛ Երևանում հավասարապես հասկանում են այս հարցում մեր հիմնավորված մտահոգությունը և լիարժեք գիտակցում ագրեսիվ ռազմական դաշինքների հետ համագործակցության խորացման ռիսկերը»,- ասել է նա: Զախարովան անդրադարձել է նաև ՀՀ-ում ԵՄ առաքելությանը. «Մենք տեղյակ ենք Բաքվի մտահոգությունների մասին, եւ արդարացի մտահոգություններին՝ կապված Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության հետ։ Լավ հայտնի է, թե ինչ են անում այսպես կոչված առաքելության աշխատակիցները։ Նրանք լրտեսում են Հայաստանի հարեւան երկրներին։ Իհարկե, նրանք չեն զեկուցում Երեւանին եւ չեն նպաստում տարածաշրջանում որեւէ կայունության։ Ինչ վերաբերում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանին, մենք որեւէ ազդանշան չենք ստացել Երեւանից դրա հնարավոր դուրսբերման վերաբերյալ։ Հանրապետության պաշտոնյաները հաստատում են, այդ թվում՝ հրապարակավ, որ նման հարցեր օրակարգում չկան։ Երեւանը հասկանում է, որ ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության կարեւոր տարրն է։ «Կայանի տեղակայումը եւ գործունեությունը կարգավորվում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համապատասխան երկկողմ փաստաթղթերով։ Այս հարցը երբեք ոչ ոքի կողմից չի բարձրացվել Ադրբեջանի հետ մեր փոխգործակցության համատեքստում կամ հարթությունում»,- նշել է Զախարովան։