Պայթյունից տուժածներից 3-ի վիճակը ծանր է

11/6/2025 16:19

Առավոտյան ստացանք լուրը, անմիջապես պատրաստ ենք եղել, «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել երեք քաղաքացի,- NEWS.am–ի հետ զրույցում ասել է «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ընդունարանի Բաժանմունիք վարիչ Կարեն Տոնոյանը՝ անդրադառնալով Ճամբարակում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունին։ «Առաջին պացիենտը, որ տեղափոխվել է, վիճակը գնահատվել է ծանր, անկայուն, անմիջապես տեղափոխվել է վիրահատարան։ Այս պահին վիրահատությունն ավարտվել է, վիճակը համեմատաբար կայուն է, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Մյուս երկու պացիենտները տեղափոխվել են հիվանդանոցի ընդունարան, որտեղ հետազոտվելուց հետո նրանց վիճակը եւս գնահատվել է ծանր, տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք հետագա հսկողության։ Այսօր նրանք կանցկացնեն վերակենդանացման բաժանմունքում, վիճակներից կախված արդեն համապատասխան հետագայում պլանային կարգով հետազոտությունները, միջամտությունները կարվեն»,– հայտնել է նա։