Տեղի է ունեցել Գերիների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը

11/6/2025 19:02

2025թ. հունիսի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը: «Նիստը սկսվեց Հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Աբազյանի բացման խոսքով: Ա. Աբազյանը ներկայացրեց նիստին նախորդող ժամանակահատվածում իրականացրած հանդիպումների արդյունքները՝ վերահաստատելով Հանձնաժողովի հանձնառությունը՝ շարունակելու անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման ուղղությամբ համալիր և համակարգված աշխատանքը: Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Հանձնաժողովին ներկայացրեցին անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ Կոմիտեում կատարվող քննության արդյունքները: Այնուհետև քննարկումներ ծավալվեցին Հանձնաժողովի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ: Նիստի ավարտին Հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա.Աբազյանը, հույս հայտնեց, որ համատեղ և համակարգված աշխատանքը կբերի շոշափելի արդյունքի՝ ուղղված անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզմանը»,-նշվում է հաղորդագրության մեջ: