Արարատ Միրզոյանը Մարսելում մասնակցել է պանելային քննարկման
12/6/2025 22:25

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մարսելում «Միջերկրական Ռաիսինա» համաժողովի շրջանակներում Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ մասնակցել է պանելային քննարկման: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Նախարար Միրզոյան. «Առաջին բանը, որ ես կցանկանայի նշել, այն է, որ Հայաստանը շատ ուրախ է տեսնել, որ Ֆրանսիան և Հնդկաստանն արդեն դարձել են ռազմավարական գործընկերներ: Եվրոպան և Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը մեծ փոխադարձ հետաքրքրություն ունեն՝ խորացնելու իրենց կապերը: Այս գոհունակությունը, բնականաբար, հիմնված է կոնկրետ պատճառների վրա:
Երկրորդ ակնհայտ պատճառը. երբ նայեք քարտեզին, կտեսնեք Եվրոպան, Հնդկաստանը և նրանց միջև ընկած որոշ երկրներ: Հայաստանը գտնվում է այդ միջակայքում: Եթե ցանկանում եք կապ հաստատել Ֆրանսիայի և Հնդկաստանի միջև, և իմ հարգանքներս նախորդ խոսնակին և ընկերության ներկայացուցչին, ուղիներից մեկը ծովն է: Ցավոք, դա միշտ չէ, որ արագ է, իսկ վերջին ժամանակներում, հավանաբար, նաև միշտ չէ, որ անվտանգ է: Բացի այդ, կան ցամաքային ուղիներ: Այստեղ Հայաստանը կարևոր դիրք ունի. Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում, որը Եվրոպայի և Հնդկաստանի միջև է: Մենք խթանում ենք փոխկապակցվածության ծրագրեր և հսկայական գումարներ ենք ներդնում մեր ենթակառուցվածքներում:
Հայաստանն ունի չորս հարևան. Վրաստանը՝ հյուսիսում, Իրանը՝ հարավում, Ադրբեջանն՝ արևելքում և Թուրքիան՝ արևմուտքում: Մենք գերազանց հարաբերություններ ունենք չորսից երկու երկրների՝ Վրաստանի և Իրանի հետ, և մենք ջանում ենք կարգավորել մեր հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ այն ըմբռնումով, որ պատրաստվում ենք բացել սահմանները, հաստատել երկաթուղային կապ և նույնիսկ այս ծրագրի ենթակառուցվածքային մասին տվել ենք շատ կոնկրետ անվանում՝ «Խաղաղության խաչմերուկ»: Այսպիսով, մենք ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր, որպեսզի օգուտ քաղեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը և Իրանը, այլև ավելի լայն տարածաշրջանը:
Եթե ցանկանում եք կապ հաստատել Հնդկաստանի և Ֆրանսիայի միջև, պետք է ասեմ, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ գտնվում է այդ միջակայքում: Այնտեղ կա տարածք և միջավայր, որտեղ կարող եք հանգստանալ, վերալիցքավորվել և այնուհետև շարունակել ճանապարհը»: