Բաքվում արտակարգ վայրէջք կատարած օդանավում հայեր կան

13/6/2025 14:57

Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը դիմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով անել ամեն ինչ՝ ապահովելու համար Իրանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Բաքվում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռներում հայտնված հայերի անվտանգությունը, հաղորդում է SAR-ը։ Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքում սահմանված սահմանափակումների պատճառով հունիսի 13-ի առավոտյան Բաքվում վայրէջք է կատարել ավելի քան 10 ինքնաթիռ։ Դրանց թվում էին Մոսկվայից, Մինսկից, Կազանից և այլուր Դուբայ չվերթները։ Այս չվերթների ուղևորների թվում կան հայկական ծագում ունեցող և հայկական ազգանուն ունեցող քաղաքացիներ, որոնք մեկնում էին ԱՄԷ։ «Հաշվի առնելով պաշտոնական Բաքվի կողմից տասնամյակներ շարունակ ադրբեջանական հասարակության մեջ տարածվող հայատյաց քաղաքականությունը, ինչպես նաև 44-օրյա պատերազմից առաջ և հետո Բաքվում հայտնված հայերի ձերբակալության և դաժան վերաբերմունքի հայտնի փաստերը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով վերահսկողություն հաստատել իրավիճակի նկատմամբ՝ կանխելու համար Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռներում գտնվող հայազգի անձանց՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ հնարավոր անօրինական գործողությունները։ ՌՀՄ-ին կապ հաստատած այս ուղևորների հարազատների խոսքով՝ Դուբայ մեկնող մեր հայրենակիցները ներկայումս դադարեցրել են շփումը։ Ռուսաստանի հայերի միությունը նաև կոչ է անում Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ անել հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու Բաքու իրենց կամքին հակառակ վայրէջք կատարած հայերի անվտանգությունը»,- ընդգծվում է ՌՀՄ հայտարարության մեջ։