Խնդիր չունենք մեր առջև դրված՝ խզելու հարաբերությունները ՌԴ-ի հետ
13/6/2025 15:00

Հայաստանը Ռուսաստանի հետ հարբերությունները խզելու խնդիր չի դրել իր առջև: Այս մասին «Ազատության» փոխանցմամբ, Չեխիայում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Ես ասացի, որ վերջերս մեր խորհրդարանն ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրենքը։ Հիմա մենք շատ մոտ համագործակցություն ունենք Եվրամիության հետ։ Բայց մյուս կողմից՝ մենք խնդիր չունենք մեր առջև դրված՝ խզելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է, և հավասարակշռվում է։ Եվ դա մեր ռազմավարությունն է»,- նշել է Փաշինյանը և ավելացրել՝ «Մենք հասկանում ենք, որ չենք կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ անդամ, և ինչ-որ պահի ապագայում մենք պետք է որոշում կայացնենք»:
Փաշինյանն ընդգծել է, որ մենք հիմա խնդիր չունենք մեր առջև՝ վերջ դնելու ռուսական զորքի ներկայությանը Հայաստանում:
«Գիտեք, որ մենք բարդ իրավիճակ ունենք մեր տարածաշրջանում։ Դուք նշեցիք, Հայաստանում ռուսական զորքերի առկայության մասին։ Բայց ես կուզեմ նշել, որ Հայաստանում է նաև Եվրոպական դիտորդական առաքելությունը, որը մոնիտորինգ է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանային իրավիճակը։ Եվ մյուս կողմից՝ անցած տարում մենք նվազեցրինք ռուսական զորքերի ներկայաության աստիճանը, բայց մյուս կողմից մենք հիմա խնդիր չունենք մեր աջև դրված վերջ դնելու ռուսական զորքի ներկայությանը Հայաստանում։ Մենք ունենք այլ խնդիր՝ կարողանալ տարածաշրջանի երկների հետ հարատև և կայուն խաղաղություն հաստատելը»: