Փաշինյանի գրառումների վերաբերյալ վարույթ չի հարուցվել
23/6/2025 20:10

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) չի քննի վարչապետի Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին ուղղված գրառումները, բացի մեկից. այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Փաստաբան Արա Զոհրաբյանն էր դիմել այդ կառույցին, որ իրավական գնահատական տան վարչապետի տասնյակից ավելի գրառումներին: Հանձնաժողովը, սակայն, հրաժարվել է փաստաբանի դիմումի հիման վրա վարույթ հարուցել: Արա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ պատճառաբանել են, թե իրենք սեփական նախաձեռնությամբ են դա արել:
«Մնացած մեր փաստարկների մասով նշել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի գործել իր լիազորությունների շրջանակում, հետևաբար որոշ կանոններ, ըստ հանձնաժողովի, խախտված չեն կարող համարվել»,- հայտնել է Զոհրաբյանը:
Եկեղեցականներին ուղղված վարչապետի միայն մեկ՝ «սրբազանի» և «քեռակնոջ» գրառման առնչությամբ է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ հարուցել: Արա Զոհրաբյանը շարունակում է պնդել՝ կառավարության ղեկավարը մյուս գրառումներում ևս խախտել է թե՛ «Հանրային ծառայության մասին», թե՛ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքների մի շարք հոդվածներ:
«Օրինակ՝ խախտման վերաբերյալ փաստարկներից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միջամտում է եկեղեցու ինքնակառավարման հարցերին, որի իրավունքը չունի: Էս մասով իրենք գտել են, որ նա որպես վարչապետ չի գործել, իր ֆեյսբուքյան էջը, բնականաբար, ասոցացնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և մենք նաև տեսել ենք, որ նույն կառավարության նիստերում, Ազգային ժողովի ամբիոնի մոտ նույն հարցերը բարձրացնում է, այն հարցերը, որոնք բարձրացել է նաև իր սոցիալական էջում: Դրա համար նա այդտեղ հանդես է գալիս որպես վարչապետ»,- ասել է փաստաբանը: