Սպանություն՝ Լոռու մարզում

24/6/2025 22:54

Այսօր՝ հունիսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դարպաս գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ և կա վիրավոր։ Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, գյուղ են ժամանել Լոռու մարզի քրեական ոստիկանության ծառայողները՝ քրեական վարչության պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։ Մինչ քրեական և համայնքային ոստիկանները կժամանեին գյուղ, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Տարոնի բաժին և հայտնում են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ մահացածը Դարպաս գյուղի բնակիչ 54-ամյա Աշոտ Ա․-ն է, ում մարմնի վրա առկա է եղել հարվածի և սուր կտրող առարկայից ստացված վնասվածքներ։ Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ոստիկանները ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով 17 տարեկան է։