Մակրոնը, թերևս, Փաշինյանից գործնական քայլեր է ակնկալում

29/6/2025 22:17

Հայաստանում քաղաքական հետապնդումների դեպքերը, անհամաչափ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ, դատարանների նկատմամբ ճնշումները, Եկեղեցու դեմ պետական հակաքարոզչությունը սպանում են ժողովրդավարությունը, որի պաշտպանությունը բարձրաձայնում է Մակրոնը։ Այս մասին հայտարարել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։ «Մակրոնի հերթական սայթաքումը. ո՞վ է վտանգում հայ-ֆրանսիական հարաբերությունները: ՌԴ-ն չի ցանկանում որևէ կերպ միջամտել Հայաստանի ներքին գործերին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներին։ «Դա Հայաստանի ներքին գործն է»,- հավելել է նա։ Հայաստանում ծավալվող ներքաղաքական դրամատիկ իրադարձությունների վերաբերյալ սա է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը, ինչն, ի դեպ, բխում է միջազգային իրավունքից: Եվ սա այն դեպքում, երբ Փաշինյանի տոտալիտար նկրտումների թիրախներից մեկը Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանն է: Նրա ապօրինի կալանքի հետևանքները վերացնելու ուղղությամբ Մոսկվան, անշուշտ, ջանքեր գործադրում է, բայց, ըստ ամենայնի, դա անում է դիվանագիտական խողովակներով՝ ներքաղաքական միջամտության առիթ չտալու համար: «Շատ լավ հեռախոսազրույց ունեցա Հայաստանի վարչապետի հետ»,- գրել է Էմանյուել Մակրոնը X-ի իր էջում, ապա հավելել է. «Ես արտահայտեցի Ֆրանսիայի համերաշխությունը հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի դեմ»։ Միջազգային իրավունքի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, պետությունները պարտավոր են չմիջամտել այլ ինքնիշխան պետությունների ներքին գործերին։ «Միջամտություն» (intervention) հասկացությունը վերաբերում է սովորաբար ուժի կիրառման սպառնալիքին կամ իրական կիրառմանը, ինչպես նաև ուղղակի գործողություններին՝ ընտրությունների արդյունքների թելադրում, կառավարությունների փոփոխություն և կամ կառավարություն ցուցադրական աջակցություն։ Ուղղակի գործողություն Մակրոնը չի արել: Բայց երբ Մակրոնն ոչ թե աջակցում է ինստիտուցիոնալ ժողովրդավարությանը, այլ բացահայտ իր համերաշխությունն է հայտնում իշխանությունների ավտորիտար քաղաքականությանը՝ դա այլևս չեզոք դիրքորոշում չէ։ Դա համարժեք է Հայաստանի ներքին քաղաքական կյանքում դիրքավորմանը: Հայաստանում քաղաքական հետապնդումների դեպքերը, անհամաչափ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ, դատարանների նկատմամբ ճնշումները, Եկեղեցու դեմ պետական հակաքարոզչությունը սպանում են ժողովրդավարությունը, որի պաշտպանությունը բարձրաձայնում է Մակրոնը։ Մակրոնի հայտարարությունը վտանգավոր է նաև միջազգային էթիկայի տեսանկյունից։ Դժվար է չնկատել, որ այն փաստացիորեն լեգիտիմացնում է իշխանության վարած հակաժողովրդավարական քաղաքականությունը՝ ճանապարհ բացելով նոր ռեպրեսիաների համար: Մակրոնի նման դիրքորոշումը, մի կողմից, խորացնում է մեր ժողովրդի անվստահությունը ժողովրդավարության հանդեպ, մյուս կողմից՝ ստվերում է հայ- ֆրանսիական հարաբերությունները: Նման պնդում անելու հավելյալ պատճառներ ունեմ: Մակրոնն իր տեքստում այլ մանրամասներ է նշել իր ու Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ զրույցի ընթացքում նաև վերահաստատել է աջակցությունը Փաշինյանի «քաջարի ջանքերին՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար»։ «Խաղաղությունն ու բաց սահմանները կարևոր զարգացում կլինեն ամբողջ տարածաշրջանի համար և օրինակ՝ դրանից այն կողմ»,- ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը։ «Խաղաղության ու բաց սահմանների» ի՞նչ պարամետրերի մասին է ակնարկում Մակրոնը ու արդյո՞ք Փաշինյանի «քաջարի ջանքերի» մասին հիշատակումը չի հուշում, որ Մակրոնը հերթական անգամ Հայաստանից ակնկալում է նշաձողի իջեցում հայ-ադրբեջանական բանակցություններում: Բայց արդյո՞ք դա բերելու է իրական խաղաղության, որին ձգտում ենք բոլորս, թե՞ նոր ազգային աղետի հայերիս համար՝ ինչպես դա տեղի ունեցավ 2022-ի հոկտեմբերի 6-ին, Պրահայում, երբ Փաշինյանը, նույն Մակրոնի ու Միշելի հորդորով, իջեցրեց նշաձողը ԼՂ կարգավիճակի հարցում՝ ճանապարհ հարթելով Արցախի կործանման համար: Իսկ գուցե գլոբալիստական Արևմուտքը, Ֆրանսիան հենց նրա համա՞ր են աջակցում Փաշինյանի բոլոր ներքաղաքական այլանդակությունները, որպեսզի նրան հակեն զիջումների՝ Ադրբեջանի հետ բանակցություններում: Մակրոնը, թերևս, Փաշինյանից գործնական քայլեր է ակնկալում, մանավանդ, որ Երևանում է ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության գծով բարձր հանձնակատար Կայա Կալլասը»,- գրել է նա։