Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

1/7/2025 19:28

Այսօր՝ հուլիսի 1-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության շենքում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը բողոքի նոտա է հղել ռուսական կողմին՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների, որոնց թվում եղել են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի քաղաքացիներ, սպանության և դաժան ծեծի ու վնասվածքների կապակցությամբ։ Այս մասին նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։ Նոտայում նաև կտրուկ բողոք է արտահայտվել ադրբեջանցիների հարցաքննության ընթացքում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից խոշտանգումների և նվաստացուցիչ գործողությունների կիրառման դեմ։ Ըստ հաղորդագրության, ադրբեջանական կողմը պահանջել է, որ Ռուսաստանը անհապաղ միջոցներ ձեռնարկի այդ հարձակումների համապարփակ և օբյեկտիվ հետաքննության, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրության։ Հանդիպման ընթացքում դեսպանը նաև ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գրասենյակում տեղի ունեցած միջոցառումների վերաբերյալ, որը ներկայացվում է որպես «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության մասնաճյուղ։ Դիվանագետը ընդգծել է, որ գրասենյակում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետաքննչական միջոցառումները լիովին համապատասխանում են այդ երկրի օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին։