«Լիվերպուլ»-ը շրջանառությունից հանեց 20 համարը

4/7/2025 09:34

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլ»-ը շրջանառությունից հանել է 20 համարի խաղաշապիկը՝ Իսպանիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարում զոհված պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտայի հիշատակին։ Այդ խաղային համարով էր Ժոտան հանդես գալիս անգլիական ակումբում։ Դիոգու Ժոտան մեծ ներդրում ունեցավ Պրեմիեր լիգայի 20-րդ տիտղոսը նվաճելու գործում՝ «Էվերտոն»-ի դեմ լիվերպուլյան դրեբիում խփելով վերջին գոլը կյանքում, գրում է «Լիվերուլ»-ի կայքը։ Անցած առաջնության 30-րդ տուրի խաղում «Լիվերպուլ»-ը «Էվերտոն»-ին հաղթել էր 1:0 հաշվով Դիոգու Ժոտայի վերջին գոլի շնորհիվ։ Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Դիոգու Ժոտան մահացել է 28 տարեկան հասակում՝ Իսպանիայի Սամորայի գավառում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Վթարը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան A-52 ավտոմայրուղու 65-րդ կիլոմետրում՝ Սանաբրիայի շրջանում։ Ժոտան գտնվում էր ավտոմեքենայում իր 26-ամյա եղբոր՝ Անդրե Ժոտայի հետ, ով հանդես էր գալիս Պորտուգալիայի «Պենաֆիել» ակումբում։ Մեքենան դուրս է եկել ճանապարհից և բռնկվել։ Ականատեսների տվյալներով՝ մեքենան ամբողջությամբ պատվել է կրակով, իսկ հրդեհը տարածվել է նաև մոտակա բուսականության վրա։ Չնայած 112 ծառայության արագ արձագանքին, երկու եղբայրներն էլ տեղում մահացել են։