Հայտնաբերվել է օտարերկրացու մարմինը

6/7/2025 21:16

Երեկ՝ հուլիսի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողները մոտ 10 ժամ որոնողական աշխատանքներ են կատարել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, քրեական ու համայնքային ոստիկանները , պարեկները, ոստիկանության կինոլոգները ու քննիչները մոտ 35-40 կմ շառավղով, անգամ տեղատարափ անձրևի տակ, այնպիսի տեղերում են որոնողական աշխատանքներ իրականացրել, որ եղել են դժվարանցանելի, ճանապարհները եղել են ցեխոտ, այդ թվում՝ Հրազդանի, Ծաղկաձորի անտառներում և ի վերջո կեսգիշերին մոտ, Երևան - Սևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի նախկին «Գայի պոստի» հետնամասում՝ դաշտամիջյան հատվածում, խոտերով թաքցրած հայտնաբերել են մահացածի մարմինը։ Քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացածը օտարերկրացի 74-ամյա Եվգենի Վախոնինն է։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ հուլիսի 1-ին Քաղսի գյուղում գործող հյուրատուն են այցելել ՌԴ քաղաքացիներ 40-ամյա Անդրեյ Միրոշնիկը և 23-ամյա Դարյա Ասաբինան։ Նրանք մի քանի օր մնացել են այդ հյուրատանը, իսկ արդեն երեկ՝ հուլիսի 5-ին, զանգահարել են հյուրատան սեփականատիրոջը և հայտնել, որ իրենք մեկ օր շուտ են հեռանում ու հյուրատան իրենց սենյակում թողել են գումար՝ կոտրված բաժակի և վնասված անկողնու համար։ Արդեն տեղում իրավապահները պարզել են, որ նշված անձինք Վախոնինին նշված հյուրատնից «Mazda» մակնիշի ավտոմեքենայով են տեղափոխել։ Արդյոք նա մինչ այդ մահացած է եղել, թե ոչ, այն պարզելու համար քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, բայց որ նրան քաշելով են նստեցրել «Mazda»-ն, այդ ամենը ապացուցող փաստեր են քրեական ոստիկաններն ու քննիչները ձեռք բերել։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ա. Միրոշնիկն ու Դ. Ասաբինան արդեն հասցրել են լքել ՀՀ տարածքը։