Ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի միջամտությամբ

9/7/2025 12:48

Առկա հրապարակային նյութերից ու հայտարարություններից կարելի է հասկանալ, որ գործը, սկսած նախորդ տարվա օգոստոսից մինչև այս տարվա հունիս ամիսը, ձևավորվել է գաղտնալսումների կամ այլ տեսակի գաղտնի քննչական գործողությունների արդյունքում,- «ահաբեկչության փորձի» գործով Սրբազանների և մյուս կալանավորված անձանց փաստաբան Հովհաննես Խուդոյանն է ասել. «Համաձայն ՔԿ-ի կամ գլխավոր դատախազի հայտարարությունների՝ 2024 թվականի նոյեմբերից այն վերածվել է ապօրինի գործընթացի։ Իրենք էլ նշում են, որ մինչ այդ ամեն ինչ օրինական էր, իսկ նոյեմբերից գործընթացները դարձել են ապօրինի։ Սակայն այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ եթե դրանք օրինական էին, ապա ինչո՞ւ էին գաղտնալսվում իրավապահ մարմինների կողմից։ Ակնհայտ է պատասխանը. մեր օրերում ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի անմիջական և ապօրինի միջամտությամբ»,- հայտարարել է Խուդոյանը։ Փաստաբանի խոսքով՝ այդ ապօրինի միջամտությունները հատկապես հաճախ են դիտվում ընտրություններին նախորդող ժամանակահատվածում։