ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է «կեղծ վերնագրերն» ու «հիմնազուրկ աղմուկը»
10/7/2025 19:46

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հանդես է եկել մեկնաբանությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այսօր լրագրողի հարցին ի պատասխան վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. փոխնախարարն իր խոսքում քանիցս շեշտել է ՀՀ համար առանցքային համարվող սկզբունքները, այդ թվում՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ ազգային իրավազորությունը, որոնց պետք է համապատասխանեն քննարկվելիք առաջարկները, լուծումները՝ չթողնելով տարընկալման տեղ։ Նախարարի տեղակալը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը, երեւույթը։
Չնայած դրան՝ մամուլում եւ սոցիալական հարթակների տարբեր օգտատերերի կողմից թեման աղճատվել է՝ միտված Աբու Դաբիում բանակցությունների ֆոնին կեղծ վերնագրերի տարածմանն ու հիմնազուրկ աղմուկի առաջացմանը։
Ընդգծում ենք եւս մեկ անգամ, որ կապուղիների ապաշրջափակման տեսլականը խարսխված է վերոնշյալ հիմնարար սկզբունքների վրա եւ ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ իրականությունը, այդ թվում՝ միտումնավոր խեղաթյուրող հրապարակումներից, գործունեությունից։ Սույնով ակնկալում ենք թեման այլափոխած հրապարակումների հեռացում, հերքում եւ այս հրապարակման տարածում։
Ուղիղ մեջբերում փոխնախարար Սաֆարյանի խոսքից. «Այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության ներքո, եթե դա համապատասխանի այդ սկզբունքներին՝ այո, կարող է իրականացվել»»: