ՀՅԴ-ական Անդրանիկ Չամիչյանը կալանավորվեց
11/7/2025 13:13

ՀՅԴ ՀԵՄ անդամ Անդրանիկ Չամիչյանը երկու ամսով կալանավորվեց,- լրագրողներին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Որևէ անկանխատեսելի բան տեղի չունեցավ, երկու ամսով Անդրանիկ Չամիչյանը կալանավորվեց սթրայքբոլ խաղի սիրահար լինելու համար, անունը դրեցին ահաբեկչության նախապատտրաստություն: Թե ինչ ահաբեկչություն էր, ով էր այդ ահաբեկչությունը անում, ում դեմ էր արվում, որևէ տեղեկություն քննչական մարմիններն այս պահին չունեն»,- ասել է փաստաբանը և նշել, որ դատարանը թույ տվել է տեսակցություններ հարազատների հետ:
«Միակ դրական բանն այն է՝ թեև քննչականը միջնորդել էր առհասարակ փակել տեսակցությունները բոլորի հետ՝ այդ թվում ծնողների, դատարանը մի փոքր մարդասիրական քայլ արեց. իրականում լուրջ առողջական խնդիր ունեցող տղային թույլատրեց, որ ծնողները կարողանան նրան տեսակցել»:
Մելիքյանը նաև տեղեկացրել է, որ տղայի 18 տարեկանը լրացած է, բայց այնպիսի առողջական խնդիր ունի, որը խոչընդոտ է բանակում ծառայության համար: