«Սրբազան պայքար»-ի կալանավորվածների խցերում պարբերաբար խուզարկություններ են կատարվում
12/7/2025 12:48

«Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում։ Այս մասին գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
««Սրբազան պայքար»-ի գործով բոլորին կալանավորելուց հետո, դեռ հոգին չի փառավորվել:
Անձանց ՔԿ հիմնարկներ տեղափոխելուց հետո ռեպրեսիաները շարունակվում են: Պարբերաբար ու շատ խիստ / եթե կուզեք՝դաժան/ խուզարկություններ են կատարվում այդ գործով կալանավորվածների խցերում: Առաջին հայացքից կարող է թվալ, որ ՔԿ ծառայությունը պարզապես իր պարտականություններն է կատարում, բայց դա միայն առաջին հայացքից:
Գոյություն ունի վաղուց մշակված և մեթոդաբար գործածվող միջոց՝ իշխանությանը անցանկալի կալանավորների նկատմամբ ներբանտային դժգոհություն գեներացնելու համար: Ո՞րն է այս մեթոդի էությունը. նմանատիպ գործողությունների արդյունքում հակասություններ են առաջանում նախկին ու նոր կալանավորների միջև, ծագում և զարգանում են խոսակցություններ առ այն, որ մինչև նրանց գալը հանգիստ կալանք են կրել, իսկ նրանց գալուց հետո ամեն ինչ փոխվել է: Նման ծրագրի հեռահար նպատակը, մյուս կալանավորների միջոցով, հակաիշխանական կալանավորի հայացքներն ու վարքագիծը փոփոխության ենթարկելն է»,-գրել է նա։