Հանգստյան գոտում երեխա է կորել
13/7/2025 16:43

Այսօր՝ հուլիսի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ժամանել են Արարատի մարզային քրեական վարչության մեծ թվով ծառայողներ, Արարատի մարզային փրկարարական վարչության, Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից մեծ թվով փրկարարներ և «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Փրկարարները օգտագործում են նաև հատուկ դրոններ։
Արդեն 2 ժամ է շարունակվում են որոնողական աշխատանքները, որին միացել են առաջին իսկ պահից հանգստյան գոտու աշխատակիցները, մեծ թվով քաղաքացիներ, ովքեր ժամանել էին հանգստի գոտում իրենց հանգիստ անցկացնելու, բայց ներգրավված են երեխայի որոնողական աշխատանքներին։
Երեխայի մայրը նշել է, որ ինքն ընդամենը 5 րոպե է իր աղջկանից աչքը քաշել ու այլևս չի տեսել։
Հանգստյան գոտում կա նաև արհեստական լճակ, որի ջուրը արդեն իջեցվել է, բայց այդտեղ չի հայտնաբերվել։
Հանգստյան գոտուն հարակից կա դեռ սովետական տարիներից հայտնի Արտաշատի Ստալինյան ջրանցքը, որտեղով ջրի հոսքն այս պահին նույնպես փորձում են դադարեցնել, որպեսզի այդ հատվածում նույնպես որոնողական աշխատանքներ կատարեն։