Փաշինյանը խոսել է «միջանցք»-ից
16/7/2025 14:50

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Փաշինյանն անդրադարձել է «միջանցք» բառի շուրջ ձևավորված հանրային և քաղաքական զգայունությանը, որպես օրինակ նշել է, որ Հայաստանի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային ճանապարհը պաշտոնական փաստաթղթերում կրում է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցք անվանումը:
«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո «միջանցք» բառը մեզ համար որոշակի ալերգիկ կոնտեքստ է ստացել, բայց շատ դեպքերում միջազգային մեր գործընկերները, երբ որ ասում են միջանցք, մենք մի քիչ վեր ենք թռնում, իրենք էլ իրենց հերթին են վեր թռնում, ասում են՝ բայց ի՞նչ ասեցինք»,- ասել է Փաշինյանը:
Նա խոսել է նաև ժամանակակից դիվանագիտության գործելակերպի մասին՝ նշելով, որ ներկայումս բանակցային գործընթացի 90 տոկոսը ընթանում է ոչ պաշտոնական ձևաչափով և որ շատ հաճախ մարդիկ ակնկալում են, որ կնքված, ստորագրված փաստաթղթեր կհրապարակվեն, բայց ժամանակակից դիվանագիտությունում շատ բան արվում է էլեկտրոնային նամակագրությամբ, հաղորդագրություններով, տարբեր հավելվածներով։ Վերջնական պաշտոնական փաստաթուղթը կազմվում է միայն այն ժամանակ, երբ բոլոր կողմերը համաձայնության են եկել: