Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, բայց... Իրանի դեսպան
18/7/2025 12:43

Հայաստանի ԱԳՆ–ն, ինչպես նաև վարչապետը, ԱԺ նախագահը դատապարտեցին Իրանի դեմ անօրինական զինված ագրեսիան, մենք նաև ականատես եղանք Հայաստանի ժողովրդի հոգևոր աջակցությանը Իրանի ժողովրդի նկատմամբ,- Հանրային ՀԸ եթերում այս մասին ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Իսրայել–Իրան հակամարտությանը։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում ՀՀ կառավարությանը այս վճռական դիրքորոշման համար, ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի ժողովրդին և բարձր ենք գնահատում նրանց այդ համերաշխությունը և աջակցությունը, որը հայտնեցին Իրանի համար այս զգայուն ժամանակահատվածում։ Դրանով ցույց տվեցին, որ ՀՀ կառավարությունը և ժողովուրդը և ուրախության, և տխրության օրերին գտնվում է Իրանի կառավարության կողքին»,– ասել է նա։
Հարցին՝ ինչ դիրքորոշում ունի իրանը Խաղաղության պայմանագրի, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման քննարկումների և քայլերի վերաբերյալ, Իրանի դեսպանն ասել է. «Մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների նորմալացումը այլ երկրների հետ, այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության հետ: Դուք հարևաններ եք և հարևանները, բնական է, որ պետք է միշտ խաղաղության և անվտանգ պայմաններում ապրենք կողք կողքի:
Ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, ապա դուք մեր դիրքորոշմանը ծանոթ եք: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, բայց ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ազգային և տարածքային ինքնիշխանության, երկրների տարածքային ամբողջականության շրջանակում և տարածաշրջանի երկրները պետք է օգտվեն դրանից»: