Կալանավորված Չամիչյանի առողջական վիճակը վատթարացել է

18/7/2025 18:34

«Սթրայքբոլի գործով» կալանավորված 18-ամյա Անդրանիկ Չամիչյանի առողջական վիճակը վատթարացել է,- փաստաբան Ռուբեն Մելիքյանն է հայտնում՝ նշելով, որ քիչ առաջ է տեսակցել Անդրանիկի հետ։ Ծնողները երեկ տեսակցել են որդուն «Նուբարաշեն» ՔԿ-ում, ահազանգել են փաստաբանին, որ Չամիչյանի առողջական վիճակը լավ չի։ «Տղան լուրջ առողջական խնդիր ունի, որի պատճառով տարկետում է ստացել բանակից։ Սրտի հետ է կապված, իսկ բոլորս էլ գիտենք, որ սրտի հետ կապված հարցերը հատուկ ուշադրության են արժանի, և չի կարելի աչքաթող անել։ Առավել ևս սթրես, շոգ, այդ ամեն ինչը ազդում են և ես քիչ առաջ դիմում ներկայացրեցի թե՛ քրեակատարողականի պետին, թե՛ դատապարտյալների առողջությամբ զբաղվող ՊՈԱԿ–ի տնօրենին»,– ասել է Մելիքյանը: Հիշեցնենք, որ 18-ամյա տղային իրավապահները մեղադրում են ահաբեկչության նախապատրաստման մեջ։